Ցածր խոլեսթերինը կարող է ազդել տրամադրության վրա

2023/07/17

Մարդկանց մեծամասնությունը ձգտում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակը նվազեցնել դեղորայքի, վարժությունների և առողջ սնվելու միջոցով: Սակայն կան տվյալներ, որոնք վկայում են խոլեսթերինի ցածր մակարդակի և դեպրեսիայի հավանական կապի մասին:

Որոշ ուսումնասիրություններ վկայում են, որ ցածր խոլեսթերինի պայմաններում ուղեղի բջիջները չեն կարողանում արդյունավետ օգտագործել տրամադրությունը կայունացնող հիմնական հորմոնը՝ սերոտոնինը: Իսկ վերջինիս ոչ կայուն մակարդակը մարդու մոտ առաջացնում է անհանգստություն, դեպրեսիա և տրամադրության  փոփոխություն:

Այլ ուսումնասիրություններ ենթադրում են, որ սերոտոնինի ցածր մակարդակը կարող է հանգեցնել մարդու իմպուլսիվ վարքագծի, որը ռիսկային է առողջության ու կյանքի համար:

Նույնանման խնդիրներ՝ կապված տրամադրության անկման ու դեպրեսիայի ախտանշանների հետ, կարող են առաջանալ նաև հակախոլեսթերինային դեղորայքի կիրառման ժամանակ։ Ենթադրվում է, որ դա պայմանավորված է խոլեսթերինի ու սերոտոնինի ցածր մակարդակներով։

Կարևոր է նշել, որ խոլեսթերինի և տրամադրության փոփոխության միջև կապն ապացուցելը շատ բարդ է, և այն լիովին պարզաբանված չէ: Այլ գործոններ, ինչպիսիք են բորբոքումը, օքսիդատիվ սթրեսը և արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի հետ կապված կենսակերպի ընտրությունը նույնպես կարող են նպաստել տրամադրության փոփոխությանը: